National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.03.2011
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը
1 / 6

Մարտի 18-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը: 
  
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները առաջին ընթերցումից հետո առաջարկներ են ներկայացրել, որոնց մի մասը ընդունվել է: Ամբողջովին ընդունելի է եղել նաեւ հանձնաժողովի այն առաջարկը, ըստ որի` հակամրցակցային համաձայնություն կայացնելու եւ գների չհիմնավորված բարձրացման միջոցով գերիշխող դիրքի չարաշահմամբ տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը հանձնաժողովի որոշմամբ  ՀՀ պետական բյուջե է գանձվում: Պահպանվում է նաեւ գործող օրենքում առկա տուգանքի մեխանիզմը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Փոստային կապի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Քննարկված երկու օրինագծերի փաթեթներն էլ ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանի եւ Կարեն Վարդանյանի հեղինակած «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որի նպատակն է բացառել ժամկետանց, ընդհանուր պիտանելիության ժամկետից 3/4-ից ավելին անցած ժամկետով սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդամթերքի բաղադրիչ մասերի, պարենային հումքերի, սննդամթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետություն, դրանց իրացումը, ինչպես նաեւ օգտագործումը հանրային սննդի ծառայության ոլորտում:

Հանձնաժողովը օրինագծերի փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց` ընդգրկելու նստաշրջանի օրակարգում: 
  
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում քննարկված երկու օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ տվեց դրական եզրակացություն:

Նիստը նախագահող` հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը նախ քննարկման դրեց «Համահայկական բանկի  մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության նախաձեռնությունը: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ` առաջարկը նպատակ ունի կարգավորել համահայկական բանկի հատուկ գործառույթները` հաշվի առնելով, որ այն տարբերվում է առեւտրային բանկերից եւ ունի առանձին նպատակ: Նախագիծն ընդունելով` համահայկական բանկը հնարավորություն կունենա ոչ ռեզիդենտներին պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբախշել հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին ` ոչ հրապարակային առաջարկի: Յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրավված միջոցների չափը, ըստ նախագծի, պետք է լինի 100 մլն դրամից ավելի: Կառավարությունը նախատեսում է նաեւ, որ բանկը տրամադրի երկարաժամկետ վարկեր` հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու նպատակով: Փոխարենը  բանկին տրված չէ  հաշիվներ վարելու եւ կարճաժամկետ վարկեր տրամադրելու իրավասություն: ԿԲ ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ  կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին համահունչ տնտեսական քաղաքականություն ունենալու` բանկի համար  սահմանված օրենսդրական պահանջի մասին: Հանձնաժողովը հարցը որոշեց ներառել թե նստաշրջանի եւ թե առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:

«Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում  փոփոխություների եւ լրացումների նախագիծն առաջին ընթերցումից հետո խմբագրվել է կառավարության առաջարկությունների հիման վրա: Այս մասին նիստում տեղեկացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նշենք, որ այս եւ հարակից այլ նախագծերից կազմված փաթեթը կարգավորում է վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, նաեւ որոշակիորեն խստացնում այս դաշտում պայմաններն ու վերահսկողությունը: 
  
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում` Հակոբ Հակոբյանի նախագահությամբ, քննարկեց գործադիր իշխանության նախաձեռնած փոփոխությունները եւ լրացումները «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում: Առաջին ընթերցումից հետո լրամշակված փաստաթուղթը,  հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի եւ աշխատանքի ու  սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի գնահատմամբ,  առավել լավ ու համապարփակ լուծումներ է առաջարկում: Մասնավորապես, հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորների առաջարկությամբ` նախագծի նախկին տարբերակից հանվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստները հաշվարկելու համար նախատեսված սահմանափակումը` առավելագույն շեմը, այնպես, ինչպես դա արվել է հղիության եւ ծննդաբերության նպաստի հաշվարկման դեպքում: Այս ձեւակերպման արդյունքում  վերջին 12 ամիսների ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված անձի կորցրած եկամուտը կփոխհատուցվի 100 տոկոսով: Հանձնաժողովի պատգամավորները առաջարկել են նաեւ հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկել բոլոր աշխատանքային օրերի համար եւ դրանից եկամտահարկ հաշվարկել ամսական կտրվածքով: Կառավարությունում այս ձեւակերպման հետ համաձայն են, սակայն գտնում են, որ հարցի լուծումը տրված է «Եկամտահարկի մասին» օրենքում, հանձնաժողովին տեղեկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Մասնակիորեն է ընդունվել ՀՅԴ խմբակցության` նախորդ գործատուից  տեղեկանք ներկայացնելու անհնարինության դեպքում  խնդիրը կարգավորելու առաջարկը: Այս դեպքում նախատեսվել է վարձու աշխատողին տեղեկանք տրամադրել` հիմք ընդունելով անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալները: Փաստաթուղթը խմբագրվել է նաեւ կառավարության առաջարկների հիման վրա: Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը երաշխավորեց  նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

Նիստի օրակարգում ընդգրկված  հաջորդ` ՀՀԿ խմբակցության պատգամավորների շրջանառած նախագիծը «ՀՀ աշխատանքայի օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» որոշվեց հետաձգել մինչեւ 15 օրով` հեղինակների առաջարկությամբ: 
 
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը   Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ մարտի 18-ին առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանը:

Առաջին օրինագծով նախատեսվում է, որ մինչեւ 2016 թվականը հանրապետության քաղաքները պարտավորված կլինեն ունենալ քաղաքի գլխավոր հատակագիծ, ինչը կնպաստի, որպեսզի բացառվեն չկանոնակարգված կառուցապատումները:

Օրինագծերի մի շարք փոփոխություններ էլ պայմանավորված են այլ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Օրինագծերի փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արման Սահակյանի, Հերմինե  Նաղդալյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Մարտին Սարգսյանի, Վազգեն Կարախանյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Ռաֆիկ Գրիգորյանի հեղինակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են որպես տեղական ինքնակառավարման տոնական օր ամրագրել նոյեմբերի 10-ը:

Հանձնաժողովը որոշեց նաեւ մարտի 30-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Բացօթյա առեւտուրը քաղաքային համայնքներում» թեմայով: 
  
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Մելիքյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող Գագիկ Մելիքյանի` օրինագծերի ընդունունը պայմանավորված է մի շարք դրույթների հստակեցման եւ հակասությունների վերացման  անհրաժեշտությամբ: Օրինագծի 1-րդ հոդվածով առաջարկվել է օրենքի մի շարք հոդվածներում ամրագրված «կարգապահական ներքին կանոններով» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոններով» բառերով, որը համահունչ է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ եւ այլ հոդվածներին: Ըստ պարոն Մելիքյանի` օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը կվերացնի օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի եւ օրենքով պետական ծառայողին պաշտոնից ազատելու դրույթների միջեւ առկա հակասությունը: Օրինագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները ուղղակիորեն առնչվում են ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածին, համաձայն որի, բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական անձանց իրավունքները եւ պարտականությունները: Նախագծի 5-րդ հոդվածում առաջարկվող լրացումը վերաբերում է Ազգային ժողովի կողմից ընտրվեու կամ նշանակվելու դեպքում պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերին: Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը բխում է միջազգային փորձի ուսումնասիրությունից: Այսպես, Սլովենիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի, Բուլղարիայի, Շվեդիայի, Չեխիայի, Էստոնիայի եւ մի շարք այլ պետությունների  խորհրդարանների աշխատակազմերը ղեկավարում են խորհրդարանի Գլխավոր քարտուղարները, որոնք նշանակվում  կամ  ընտրվում են խորհրդարանի նախագահի  կամ խորհրդարանի կողմից: Հետեւաբար, առաջարկվում է «Աշխատակազմի ղեկավար» եզրույթին զուգահեռ գործածել «Գլխավոր քարտուղար» եզրույթը: 7-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը վերաբերվում է օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «այդ պաշտոնները» բառերը «պետական ծառայության պաշտոններ» բառերով  փոխարինելուն, քանի որ «այդ» բառը ուղղակիորեն շեշտում է միայն օրենքով սահմանված մրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին, մինչդեռ, օրենքի 21-րդ հոդվածով սահմանված ատեստավորման ինստիտուտը վերաբերվում է պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին:

Պարոն Մելիքյանը նշեց, որ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն որի պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք կարող է հանդիսանալ պետական ծառայողի կողմից եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը, մինչդեռ, «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքում բացակայում է պետական ծառայողի կողմից եկամուտների հայտարարագիր ներկայացնելու դրույթը:

Առաջին ընթերցմամբ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ներկայացրեց իր, Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի եւ Արման Սահակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվեց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ՍԴ 2010 թվականի դեկտեմբերի 21-ի ՍԴՈ-930 որոշմամբ:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրինագիծը: Հեղինակը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար նախատեսված պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտությամբ: Ներկայացված օրինագծով հանվել են տուգանքի ձեւով պատժատեսակները եւ զգալիորեն խստացվել են ազատազրկման պատժաչափը: Պարոն Դալլաքյանը նշեց, որ օրինագծի հետագա քննարկումների արդյունքում պատրաստ է էլ ավելի խստացնել համապատասխան պատժաչափերը, ինչպես նաեւ կիրառել միջազգային պրակտիկայում տարածված սեռական հանցագործությունների համար զուգահեռաբար իրականացվող այլ պատժատեսակներ:

«Հավաքների ազատության մասին» եւ հարակից 11 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նշվեց, որ օրինագծերի փաթեթը կոչված է ներդնելու ժողովրդավարական հասարակության մեջ հավաքներն առանց անհարկի խոչընդոտների եւ պատշաճ  կազմակերպելու մշակույթը, դրանց մասնակցությունը ապահովող իրավական կառուցակարգեր: Փաթեթի մշակման ընթացքում հաշվի է առնվել ինչպես գործող օրենքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունը, այնպես  էլ  նախընթաց  տարիներին օրենքի կիրառման   պրակտիկան: Արդյունքում, ներկայացված նախագիծը զգալի առաջընթաց է ապահովում ինչպես իրավական տեխնիկայի, այնպես էլ բովանդակային տեսանկյունից: Օրենսդրական փաթեթում տեղ գտած սկզբունքային բարեփոխումները նշանակում են հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի եւ ժողովրդավարական իրավական պետության ամրապնդում:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագծերը եւ օրենսդրական փաթեթները կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Բոստանջյանի ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգիրք» եւ դրան հարակից 6 օրնենքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով: Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագծում տեղ գտած հիմնական առաջարկները եւ դրանց նշանակությունը: Նշվեց, որ օրինագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական որոշումներն ընդունվելուց, իսկ նորմատիվ որոշումները` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում տեղադրվելու են ԿԸՀ ինտերնետային կայքում: Ըստ պարոն Հարությունյանի` դրույթի ընդունմամբ կբարձրացվի ԿԸՀ գործունեության հրապարակայնությունը: Փոփոխություններով համապետական ընտրությունների նշանակումից հետո թեկնածուները, կուսակցությունները ներկայացնելու են իրենց նախընտրական ծրագրերը էլեկտրոնային եղանակով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրելու համար: Դա վերաբերելու է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Ընտրողների հանդիպումներ եւ ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճներ եւ այլ շինություններ անվճար տրամադրելու են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները: Կանոնակարգվել է նախընտրական շտաբերի հետ կապված իրավահարաբերությունները: Նշվեց, որ ընդունվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 463/2008 համատեղ եզրակացության մեջ նշված բոլոր առաջարկությունները, բացառությամբ մատների թանաքոտման (առաջարկվել է այլընտրանքային տարբերակ): Ընդունվել են նաեւ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների շուրջ 140 առաջարկ:

Դավիթ Հարությունյանն արձագանքեց նաեւ պատգամավորների հարցադրումներին, որոնք առնչվում էին ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգին, ընտրական կեղծիքների կանխարգելման մեխանիզմներին, պատասխանատվության միջոցների կիրառմանը եւ այլն խնդիրների:

Հարակից ելույթում Արա Սիմոնյանն առաջարկեց իր գործընկերներին դրական եզրակացություն ներկայացնել օրինագծերի փաթեթի առնչությամբ: Կառավարությունը եւս դրական եզրակացություն էր ներկայացրել. այս մասին բարձրաձայնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցման ներկայացրել էին ՀՅԴ խմբակցության անդամներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արտյուշ Շահբազյանը եւ Արա Նռանյանը: Օրենքի նախագիծը մշակվել է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների համատեղ սկզբունքային   առաջարկությունների հիման վրա, որոնք ուղարկվել են նաեւ Վենետիկի հանձնաժողով: Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգի սահմանում, ընդդիմադիր եւ իշխանական խմբակցությունների հավասար թվով մասնակցության սկզբունքի հիման վրա ընտրական հանձնաժողովների ձեւավորման նոր կարգի, ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ արագ արձագանքելու պարտականության սահմանում, վերահսկելի, բազմակի քվեարկությունների եւ լցոնումների բացառման նպատակով ընտրական գործընթացի կազմակերպման, քվեարկության եւ քվեարկության արդյունքների հաշվառման մեխանիզմների կատարելագործում, կանանց ներգրավվածության մեծացում ընտրացուցակներում մինչեւ 30 տոկոս եւ այլն:

Արա Սիմոնյանը հարակից ելույթում նշեց, որ ելնելով օրինագծի վիճահարույց որոշ կետերից հանձնաժողովը չի կարող հարցի առնչությամբ ներկայացնել դրական եզրակացություն: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւս տեղեկացրեց, որ կառավարությունը դեմ է օրինագծի ընդունմանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը իր ելույթում նշեց, որ այս օրինագծի ճակատագիրը ոչ թե հանձնաժողովը պետք է որոշի, այլեւ խորհրդարանը, ուստի առաջարկեց այն դրական եզրակացությամբ ներկայացնել խորհրդարանի դատին:

Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ քննարկված երկու հարցերը երաշխավորել ընդգրկելու ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Հանձնաժողովը քննարկված օրենսդրական փաթեթը եւ օրնագիծը այլընտրանքային համարելու վերաբերյալ որոշում կայացրեց:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագծերը:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի, Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը: Նշվեց, որ ախտաբանաանատոմիական գործունեությունը մինչ այժմ կարգավորվում էր «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 1996 թ.: Օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է միայն  ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման համար կառավարության կողմից սահմանվելիք կարգի պահանջը: Հիմնական զեկուցող Կարեն Ավագյանի գնահատմամբ` ախտաբանաանատոմիական գործունեության օրենսդրության թերի կարգավորումը խոչընդոտում է ոլորտի նորմալ գործունեության իրականացմանը. օրենքով կարգավորված  չեն այնպիսի սկզբունքային հարցեր, ինչպիսիք են մարդու իրավունքը  ախտաբանաանատոմիական հերձումներից հրաժարվելու վերաբերյալ, ախտաբանաանատոմիական հետազոտությունների եւ հերձումների անցկացման վայրը եւ մասնագետների պահանջը,  ախտաբանաանատոմիական թափոնները եւ այլ հարցեր: Ներկայացված օրենդրական նախաձեռնությունը ուղղված է լուծելու վերոնշյալ հարցերը` հաշվի առնելով ինչպես ներկա համակարգում առկա հիմնախնդիրները, այնպես էլ միջազգային փորձը եւ պահանջները: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am